Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժը գտնվում է Զանգեզուրի լեռների արևելահայաց լանջերին՝ Բողաքարի արգելավայրում: Արգելավայրը ստեղծվել է 1989 թվականին: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Ջրահարսի վարսեր

«Ջրահարսի վարսեր» ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։

Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժը գտնվում է Վայոց ձորում, Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Նարեի ջրվեժ

Անվանումը պաշտոնական չէ։ Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Մասրուցի ջրվեժ

Մասրուցի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մասրուց գետի վրա։ Մասրուց գետակը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և աջից միանում Ծավ գետին։ Գետի Երկարությունը 12 կմ է։ Տեղացիները ջրվեժին Չռչռ են ասում։ Մասրուցի ջրվեժը հայտնի է նաև Ծավի ջրվեժ և Մազրայի ջրվեժ անվամբ։

Արջաջուր ջրվեժ

Արջաջուր երկհարկ ջրվեժը գտնվում է Լորուտ գյուղի մոտակայքում, Մարց գետի վտակի վրա, բարձրությունը ավելի քան 7 մետր է։ Արջաջուր է կոչվում քանի որ այս հեռավոր վայրում ըստ ավանդության լողացել են արջերը։

Սառցե ջրվեժ

Այս սառցե ջրվեժը գտնվում է Ազատի կիճում։ Հայաստանի ջրվեժները ոչ միայն սահանքային ու գահավիժող են այլ նաև անշարժ։ Դրանք միայն ձմռանը գոյացող սառցե ջրվեժներն են, որոնք գոյանում են լեռների ծերպերից հոսող բարակ ջրի հոսքերից։ Ամռանը նույնիսկ չի էլ նկատվում, որ ջայռի մեջից ջուր է հոսում, իսկ ձմռան ցուրտ ամիսներին կարելի է տեսնել այսպիսի տեսարան։