1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք

2.Ըստ պատմվածքի բութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

Պատասխան`

Պատմվածքը պատմում է Կոմիտասի կյանքից մի դրվագ, որտեղ Կոմիտասը փողոցով քայլելիս մի դրամապանակ է գտնում և անկախ նրանից որ նա հրավիրված էր Մարգարիտի հետ ճաշի ժամը 12-ին, նա չորս ժամ անհամբեր սպասեց դրամապանակի տիրոջը՝ այն վերադարձնելու համար:Պատմվածքում նաև պատմում է Կոմիտասի խորը մտքերի մասին, որը նա պատկերացնում էր դրամապանակի տիրոջը սպասելուց։Ես կարող Կոմիտասի մի քանի բառով նկարագրել եմ` բարի, արդար, խոր մտքերի տեր մարդ, համբերատար։

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

Պատասխան`

Ալեքսանդր Մանթաշյանց

Ալեքսանդր Մանթաշյանց, հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթումի նավթատարի շինարարությունը։

Կենսագրություն

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։

Գործունեություն

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։

Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցի վրա, 450.000 ֆրանկով հողատարածք է գնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրված գումարը կազմում է 650.000 ֆրանկ, որով ամբողջ գումարը կազմում է 1.100.000 ֆրանկ։ Եկեղեցին կառուցվելուց հետո այն նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս[1]։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։

Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան (Երևան)

Ձեզ եմ ուզում ներկայացնեմ 3 տեսանյութ որտեղ պատում են Ալեքսանդր Մանթաշյանի մասին։

Առավոտը Շանթում-Ալեքսանդր Մանթաշյան

Հրաշալի Հայաստան. Ալեքսանդր Մանթաշյանց

Ալեքսանդր Մանթաշյանց

Ջերարդ Գաֆեսճյան

Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով «Կորսեր III» զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի։ Ծառայել է նաև «Անդրես» ամերիկյան ռազմանավի վրա։ Պատերազմից վերադառնալուն պես ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, որին հանդիպել էր պատերազմի ժամանակ։ Գաֆեսճյանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան։ Սովորել է Հանթեր քոլեջում, ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում։ Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ։ 1952 թվականին սկսել է մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում՝ West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր։ Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոտա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ՝ ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ։ Հիմնադրել և հաջողությամբ իրականացրել է «Արևմտյան արվեստը և իրավունքը» (West Art and the Law) ամենամյա ցուցահանդեսը։ Այդ նախաձեռնության համար արժանացել է «Գործարարությունը և արվեստը» պարգևի։ 1996 թվականի հունիսին սկսել է անձնական ներդրումների կառավարումն ու բարեգործական գործունեությունը։ Գաֆեսճյանի բարեգործական ջանքերի հիմնական առաքելությունը հայության բարեկեցությանն աջակցելն է եղել։ Վաշինգտոնում եղել է Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։ 1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը։ ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին՝ ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում։ «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն՝ վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար։ Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում։

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

Պատասխան`

Մարգարիտ Բաբայան

Կենսագրություն

Ծնվել է 1874 թվականին դեկտեմբերի 24-ին Գերմանիայի Գոթա քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինիա Բաբայանի և դաշնակահար Շուշանիկ Բաբայանի քույրը: Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ.Իպպոլիտով-Իվանովից, Կոնստանտին Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ.Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896թ.), աշխատակցել մամուլին: Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901թ-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904թ-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում: Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով: 1911թ. Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951թ. արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին): Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին: 1895թ. ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906թ. և 1914թ. Փարիզում մասնակցել նրա համերգներին: Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին: Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար: Մահացել է Փարիզում հոկտեմբերի 18-ին 1968 թվականի։

Կոմիտաս և Մարգարիտ Բաբայան

Կոմիտասը Մարգարիտ Բաբայանի հուշերում

1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր, Տիրայր վարդապետը գալով մեզ մոտ հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ։ Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար»։

Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք։ Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք. և ահա բեմ է բարձրանում մի նիհար սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրի առաջ։ Խորհին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը։ Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»։

Աղավնի Մեսրոպյան

ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

1914 թվի դպրոցական վերամուտին Կոմիտասը Բերա-Բանկալթիի Նիկողոսյան երկսեռ գիշերօթիկ և ցերեկօթիկ ազգային վարժարանի կողմե հրավիրվեցավ իբրև երաժշտության դասատու: Շատ մեծ եղավ վարժարանի ուսուցչական կազմի և աշակերտության զարմանքը, երբ տեսան, որ հակառակ իր բազմազբաղ վիճակին, Կոմիտաս ոչ միայն համաձայնվեցավ իրենց վարժարանին մեջ դասեր ընդունիլ, այլ ջերմ փափագ հայտնեց գոնե շաբաթը երկու ժամ զբաղվիլ նաև մանկապարտեզի 6-8 տարեկան երեխաներու երգի ու պարի դասերով: Քույրս՝ Արաքսի Մեսրոպյանը այդ օրերուն կապված էր Նիկողոսյան վարժարանին՝ իբրև մանկապարտեզի խորհրդատու, կպատմեր, որ մանկապարտեզի դասի օրերը Կոմիտաս շատ ուրախ տրամադրության մեջ կըլլար: Ան միշտ դասի ազատ ժամեն առաջ կուգար, և օգտագործելով մանուկներու զբոսանքի ազատ ժամերը, կհավաքեր զանոնք իր շուրջը և կերգեր ու կպարեր անոնց հետ: Իսկ երբ դասարան կմտնեին՝ այդ երեխաները այլևս նախորդ դասերու չարաճճի և անզուսպ երեխաները չէին, կարծես ուրիշ երեխաներ ըլլային: Զվարթ տրամադրությունը Կոմիտաս կնկատեր երեխաներու մտային և հոգկան ընդունակություններու զարգացման նախապայմանը, իսկ երեխաներուն մեջ այդ տրամադրությունը արթնցնելու համար անիկա օժտված էր բնական և մեթոլոգիական բոլոր տվյալներով: Կոմիտասը այդ վարժարանը մտնելու առաջին իսկ օրերուն մանկապարտեզի 6-8 տարեկան երեխաներեն կազմակերպեց երկսեռ երկձայն խումբ մը և համերգներ տվավ ծնողական հավաքույթներուն: Բոլորիս գուրգուրանքին և հիացումին առարկա դարձած այդ երկձայն խումբի առաջին երգը եղավ ՙԻմ չինարի յարը՚, իսկ հաջորդ համերգներուն համար Կոմիտասը և իր հայտնի սաները գրեցին մանկական հատուկ երգեր: Նիկողոսյան վարժարանի այդ երգերը, Կոմիտասի մյուս գեղջուկ երգերու հետ, տարածվեցին Պոլսո բոլոր կենտրոնական և թաղային վարժարաններուն մեջ: Հայ ժողովրդական երգի թարմ ու հարազատ շունչն ու ազգային պարերու կենդանի ռիթմը մեծ աշխուժություն մտցուցին պոլսահայ ամբողջ ուսումնական հաստատություններեն ներս, և անկե տարածվեցան ամեն մեկ հայ տունեն ներս:

Կոմիտասի – Իմ չինարի յարը

ԱՂԱՎՆԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Կոմիտասի գերազանց լսողությունը։

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին: