Կորեական դիցաբանության մասին՝

Կորեական դիցաբանություն, լեգենդների և ավանդույթների ամբողջություն, որոնք հնագույն ժամանակներից բանավոր փոխանցվել են սերնդեսերունդ դեռևս Կորեական թերակղզում և գրի են առնվել արդեն պատմական ժամանակաշրջանում։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ կորեական դիցաբանությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել չինական ու ճապոնական դիցաբանությունների, ինչպես նաև խաղաղօվկիանոսյան կղզիների ավանդույթների ու հավատալիքների ազդեցությամբ։ Կորեական առասպելների մեծամասնությունը ոչ թե ներկայացնում է աստվածներին, այլ բացատրում է, օրինակ, աշխարհի ծագումնաբանությունը, բնության, սոցիալական երևույթները և այլն։ Կորեական առասպելները հաճախ նեղ տեղայնացում են ունենում՝ վերաբերելով կոնկրետ բնակավայրերի ու ցեղերի։

Թանգուն, կորեական առաջին թագավորության հիմնադիրը

Դիցաբանություն

Լեգենդներ տիրակալների մասին՝ Առասպելներից ամենաշատը հիմնադիրների մասին տոհմական ավանդություններն են։ Նման առասպելների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Թանգունի մասին առասպել, ով Կոչոսոնի՝ կորեական առաջին թագավորության հիմնադիրն է։ Ըստ լեգենդի՝ Թանգունը երկնային Խվանին արքայի հետնորդներից էր։ Խվանինն ուներ Խվանուն անունով որդի, ով ստիպված էր ապրել երկրի վրա։ Վերջինս երեք հազար հետևորդներով իջնում է Պեկտուսան լեռը, որտեղ հիմնում է Սինսի աստվածային քաղաքը։ Ապա օրենքներ է ընդունում և սկսում մարդկանց տարբեր արհեստներ, գյուղատնտեսություն ու բժշկություն սովորեցնել։ Այդ ժամանակ քարանձավում Վագրը և էգ Արջը աղոթում էին Խվանունին՝ խնդրելով իրենց մարդկային կերպարանք տալ։ Լսելով աղոթքները՝ Խվանունը տալիս է նրանց քսան կտոր սխտոր և արտեմիսիայի ցողուն, որպեսզի նրանք, որպես պատիժ, հարյուր օր ուտեն միայն այդ ուտելիքը և խուսափեն արևի լույսից։ 20 օրվա անց Վագրը խախտում է երդումը ու դուրս է գալիս քարայրից, մինչդեռ Արջը մնում է հարյուր օր և վերածվում է կնոջ։ Նա շարունակում է աղոթել Խվանունին՝ խնդրելով իրեն ամուսին տալ։ Խվանունը, լսելով աղոթքները, որոշում է ամուսնանալ նրա հետ, որից հետո ծնվում է նրանց որդին՝ Թանգուն Վանգոմը։ Թանգունը հիմնում է Փհենյան քաղաքը և այն դարձնում իր թագավորության մայրաքաղաք։ Թագավորությունն ստանում է Չոսոն անունը։ Այնուհետև նա մայրաքաղաքը տեղափոխում է Ասադալ` Պեգակսան լեռան մոտ։ Մեկուկես հազար տարվա ըթնացքում մայրաքաղաքը տեղափոխվել էր Չանդանգեն, իսկ 1908 տարեկան հասակում Թանգունը վերջնականապես մայրաքաղաք է դարձնում Ասադալը, որից հետո դառնում է լեռների պահապան հոգին։

Վիշապներ՝ Չինական մշակույթի ազդեցությամբ կորեացիների մոտ ևս առկա է վիշապների հանդեպ սերը։ Կորեական դիցաբանության մեջ նրանց մասին բազմաթիվ հեքիաթներ և ավանդապատումներ կան։ Ամեն մի լեգենդար վիշապ իրեն հատուկ գծերն ուներ, ինչը պայմանավորվում էր նրանց բնակավայրով։ Կորեական, ինչպես և չինական վիշապները, դրական կերպարներ են եղել՝ ի տարբերություն եվրոպական ավանդապատումների։ Նրանք օգնում էին մարդկանց և պայքարում էին չարի դեմ։ Բացի այդ՝ վիշապը յուրաքանչյուր լեգենդար կորեական կառավարչի պարտադիր ուղեկիցներից էր։ Կորեական վիշապների արտաքին տարբերակիչ կողմն այն էր, որ նրանք թևեր չունեին, բայց ունեին երկար մորուք։

Լեգենդներ հոգիների մասին՝ Կորեական դիցաբանության մեջ յուրահատուկ դեղ են զբաղեցնում հոգիները։ Ըստ հնագույն կորեական հավատալիքների՝ ողջ տիեզերքը լի է աստվածություններով ու հոգիներով, որոնց տիրակալը երկնային արքա Հանիմինն էր։ Կորեացիները հոգիներով էին լցնում շրջապատող ամեն ինչ՝ երկինքը, աստղերը, ամպերը, ծովերը, գետերն ու լճերը, բնակավայրերը, կենդանական և բուսական աշխարհը։ Ամենահայտնիները լեռների հոգիներն էին (սակ-սին), որոնց հետ հաճախ ասոցացնում են վագրի հոգին (հոսին)՝ լեռների տիրակալին։

Կերպարներ`

Չխոլլիմա – թևավոր ձի

Ինո – ջրահարս, որն ապրում է Ճապոնական ծովում՝ Չեջու-դո կղզու մոտ

Իմուգի – ծովային օձ

Վոնհվա – չար հոգի, բռնությամբ սպանված մարդկանց ուրվական

Պուլգասարի – բարի հոգի, որը պաշտպանում է վատ երազներից