ՄԱՅԻՍ 8-12

ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

Հայաստանի Հանրապեության օրենքը սպառողների իրավունքների պաշտպանության մասին․ ընդունված է 2001թ. Գլուխ 2

Առաջադրանք՝

  • Ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքները:

Պատասխան

Հոդված 16. Ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքները

1. Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`

ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.

բ) գնման գնի համաչափ իջեցում.

գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.

դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.

ե) առուվաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը: Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում:i

Տեխնիկապես բարդ ապրանքների նկատմամբ սպառողի` սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված պահանջները ենթակա են բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:

  • Ապրանքի թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման ժամկետները:

Պատասխան

Հոդված 17. Ապրանքի թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման ժամկետները

1. Սպառողն իրավունք ունի ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, եթե դրանք հայտնաբերվել են արտադրողի` սույն օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան սահմանած երաշխիքային ժամկետի կամ պիտանիության ժամկետի ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ պայմանագրով:

2. Այն ապրանքների նկատմամբ, որոնց համար երաշխիքային ժամկետներ կամ պիտանիության ժամկետներ սահմանված չեն, սպառողն իրավունք ունի ներկայացնել նշված պահանջները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:i

3. Ապրանքի երաշխիքային, ինչպես նաև ծառայության ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած: Եթե հանձնման օրը հնարավոր չէ որոշել, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքի արտադրման օրից սկսած:

Սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից, որը որոշում է կառավարությունը:

Ապրանքները նմուշներով, փոստով վաճառելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրի կնքման պահը և ապրանքն սպառողին հանձնելու պահը չեն համընկնում, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հասցնելու օրից սկսած, իսկ եթե ապրանքը կարիք ունի տեղակայման (միացման) կամ հավաքման` տեղակայման (միացման) կամ հավաքման օրից սկսած: Եթե ապրանքը տեղ հասցնելու, տեղակայման (միացման) կամ հավաքման օրը հնարավոր չէ որոշել, ապա այդ ժամկետները հաշվարկվում են առուվաճառքի պայմանագրի կնքման օրից սկսած:

Ապրանքի պիտանիության ժամկետը որոշվում է ապրանքի արտադրման օրից հաշվարկված այն ժամանակահատվածով, որի ընթացքում այն պիտանի է օգտագործման համար կամ այն թվականով, մինչև երբ ապրանքը պիտանի է օգտագործման համար:

Ապրանքի պիտանիության ժամկետի տևողությունը պետք է համապատասխանի նորմատիվ փաստաթղթերով սահմանված ապրանքի անվտանգության պարտադիր պահանջներին:

4. Երաշխիքային ժամկետներ կարող են սահմանվել կոմպլեկտավորման արտադրատեսակների և հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասերի համար: Կոմպլեկտավորման արտադրատեսակների և բաղկացուցիչ մասերի երաշխիքային ժամկետները հաշվարկվում են նույն կարգով, ինչպես հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետը:

Կոմպլեկտավորման արտադրատեսակների և հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասերի երաշխիքային ժամկետները չեն կարող հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետից պակաս լինել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրում:

Եթե պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորման արտադրատեսակների համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, սպառողն իրավունք ունի կոմպլեկտավորման արտադրատեսակների թերությունների հետ կապված պահանջները ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում:

Եթե կոմպլեկտավորման արտադրատեսակների համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետն է, ապա սպառողն իրավունք ունի կոմպլեկտավորման ապրանքի թերությունների նկատմամբ պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են այդ արտադրատեսակի երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետը լրանալուց:

5. Սույն հոդվածում նշված ժամկետները հասցվում են սպառողին ի գիտություն` սույն օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` ապրանքի մասին տեղեկատվությունում:

6. Արտադրողի մեղքով թույլ տրված ապրանքի էական խախտումների հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի արտադրողին պահանջ ներկայացնել ապրանքի թերության անհատույց վերացման մասին` արտադրողի կողմից ապրանքի համար սահմանված երաշխիքային ժամկետի ավարտից կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո: Նշված պահանջը կարող է ներկայացվել ապրանքի սահմանված ծառայության ժամկետի ընթացքում կամ ապրանքը հանձնելու օրից սկսած` տասը տարվա ընթացքում, եթե ապրանքի ծառայության ժամկետը սահմանված չէ: Եթե սպառողի կողմից այդպիսի պահանջի ներկայացման օրից սկսած` քսան օրվա ընթացքում, տվյալ պահանջը չի բավարարվում, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ արտադրողին ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված այլ պահանջներ:

 

  • Ապրանքի թերությունների վերացումը արտադրողի (վաճառողի) կողմից:

Պատասխան

Հոդված 18. Ապրանքի թերությունների վերացումը արտադրողի (վաճառողի) կողմից

1. Ապրանքում հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն արտադրողի (վաճառողի) կամ կոմիսիոների կողմից` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում:i

2. Արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները պարտավոր է երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Երկարատև օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը:

3. Ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով` սպառողի դիմելու օրից մինչև նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը:

4. Ապրանքի թերությունները երաշխիքային ժամկետներ ունեցող կոմպլեկտավորման արտադրատեսակով կամ հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասով փոխարինելու միջոցով վերացման դեպքում նոր կոմպլեկտավորման արտադրատեսակի կամ հիմնական ապրանքի բաղկացուցիչ մասի երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորոգումն ավարտելուց հետո` այդ ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած:

  • Ոչ պատշաճ որակի ապրանքի փոխարինումը:

Պատասխան

Հոդված 19. Ոչ պատշաճ որակի ապրանքի փոխարինումը

1. Սպառողի կողմից ապրանքի թերությունների հայտնաբերման և այդպիսի ապրանքի փոխարինման պահանջ ներկայացնելու դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը նշված պահանջի ներկայացման օրից` յոթնօրյա ժամկետում, իսկ վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների կողմից այդպիսի ապրանքի որակի լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում` նշված պահանջի ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում:

Վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների մոտ նշված պահանջի ներկայացման օրը փոխարինման համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինել այդպիսի ապրանքը` նշված պահանջի ներկայացման օրից` երկամսյա ժամկետում: Սպառողի պահանջով վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է փոխարինման ընթացքում ժամանակավոր օգտագործման համար սպառողին անհատույց հանձնել երկարատև օգտագործման նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը: Այս կանոնը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնց անվանացանկը սահմանվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Ապրանքների սեզոնային ներկրման շրջանների համար ապրանքի փոխարինման սպառողի պահանջը ենթակա է բավարարման սպառողի դիմումով այն ժամկետում, որն անհրաժեշտ է այդ շրջաններ համապատասխան ապրանքը հերթական տեղ հասցնելու համար, եթե վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները նշված պահանջի ներկայացման օրը չունի փոխարինման համար անհրաժեշտ ապրանքը:

2. Ոչ պատշաճ որակի ապրանքը պետք է փոխարինվի նոր ապրանքով, այսինքն` չօգտագործված ապրանքով: Ապրանքի փոխարինման դեպքում երաշխիքային ժամկետը հաշվարկվում է նորից` ապրանքն սպառողին հանձնելու օրից սկսած: