Ինչ է անհատական դիմումը։

Անհատական դիմումը հիմնական իրավունքների պաշտպանության արտակարգ (ոչ սովորական) միջոց է։ Այն Հայաստանում երաշխավորվել է 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով։ Սա նորույթ է հայկական սահմանադրության պատմության մեջ։ Անհատական դիմումը միակ ճանապարհն է, որով անհատը կարող է Սահմանադրական դատարանում (ՍԴ) վարույթ հարուցել և պաշտպանել իր հիմնական իրավունքները։ Այն լրացնում է իրավունքների՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված անհատական պաշտպանության հնարավորությունը։

Որոնք են անհատական դիմումի թույլատրելիության նախապայմանները։

Սահմ. 101-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է ՍԴ-ի իրավասությունը և ամրագրում անհատական դիմումի թույլատրելիության էական նախապայմանները։ Վարույթի և թույլատրելիության մանրամասները կարգավորում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի (ՍԴՕ) 69-րդ հոդվածը։ Ստորև շարադրվող նախապայմաններն իրավական առումով բոլորն էլ կարևոր են, և դրանցից յուրաքանչյուրի բացակայությունն անթույլատրելի է դարձնում անհատական դիմումը։

Ով դիմում ներկայացնելու իրավունք ունի։

Դիմում ներկայացնելու իրավունքն անհատական դիմում տալու ունակությունն է։ Դիմում ներկայացնելու իրավունքի հասկացությունը ներառում է անհատական դիմումի թույլատրելիության այն նախապայմանները, որոնք կապված են դիմումատուի անձի հետ։ Դրանք են իրավասու դիմումատու լինելը, դատավարական գործունակությունը և հիմնական իրավունքի խախտման պնդումը։

Ինչ պիտի առարկան լինի դիմումի մեջ։

Դիմումատուն պարտավոր է հիմնավորել, որ իր հիմնական իրավունքները խախտվել են հենց օրենքի միջոցով (Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետ)։ Սակայն հարց է, թե ինչ պետք է հասկանալ «օրենքի» ներքո՝ միայն ձևական, թե նաև նյութական օրենքները։ Օրենսդիրը Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետում ամրարված «օրենք» հասկացության ներքո հասկանում է միայն ձևական օրենքները (ՍԴՕ 69-րդ հոդ. երկրորդ մաս)։ ՍԴ-ի պրակտիկան ցույց է տալիս, որ մինչ այժմ անհատական դիմումի միջոցով ՍԴ-ում քննության առարկա են եղել միայն ձևական օրենքները, սակայն հանրահայտ ճշմարտություն է, որ չի կարելի Սահմանադրության մեջ գործածվող հասկացությունները մեկնաբանել հասարակ օրենքի միջոցով։ Բացի այդ, ՍԴՕ հիշյալ դրույթն ինքը կարող է դառնալ ՍԴ-ում քննության առարկա, ուստի Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետում գործածվող «օրենք» հասկացության՝ օրենսդրի մեկնաբանությունը ՍԴ-ի համար պարտադիր բնույթ ունենալ չի կարող։ ՍԴ-ն բավական լայն հայեցողություն ունի Սահմանադրության մեկնաբանման հարցում, և Սահմանադրության տառին ու ոգուն չէր հակասի, եթե նա անհատական դիմումի միջոցով թույլատրելի համարեր նաև առանձին նյութական օրենքների սահմանադրականության ստուգումը։