Կենսագրություն

Ծնվել է 1946 թվականին նոյեմբերի 13 Կոթի, Նոյեմբերյանի շրջան։

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է եղել․ 1990-1992 թվականներին և 1997-2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը։

Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։

Գրական գործունեություն

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։

Երկեր

  • Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983, 105 էջ
  • Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987, 224 էջ
  • Շատ չհամարվի, Երևան, 1993, 64 էջ
  • Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000, 308 էջ
  • Գյադաների ժամանակը, Երևան, 2005, 224 էջ։
  • Երկիր Ցպահանջ, Երևան, 2011, 224 էջ։