Կենսագրություն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

Վահան Տերյանի հայրը՝ Սուքիաս քահանա Տեր-Գրիգորյան

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։ 1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։ 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը մանկության տարիներին

Բանաստեղծական շարքեր

Վահան Տերյանն իր բանաստեղծություններիմեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն)։ Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի է հասցրել շարքերով գրելու սկզբունքը։ Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով։ Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը։ Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն։ Այդպիսին են նաև Տերյանի բանաստեղծությունները։

Վահան Տերյանի արձանը

Ֆիլմագրություն

  • Վահան Տերյան – 100, (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին (ռեժիսոր Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը։
  • Վերջին ուղևորությունը – Նկարահանվել է 2012 թվականին։ Այն խաղարկային-վավերագրական ֆիլմ է Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որ գրվել են 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։ Ֆիլմը տեղադրված է YouTube ինտերնետային կայքում« Վահան Տերյան. Սիրո բանաստեղծ» անվան տակ։

Վահան Տերյան. սիրո բանաստեղծ

Ժամանակակիցները Վահան Տերյանի մասին

Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։

Հովհաննես Թումանյան

Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։

Ստեփան Զորյան

Վահան Տերյանը կյանքի վերջին տարիներին

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

Եղիշե Չարենց

Նրանք ասում են, որ դու անցել ես,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս – կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
― Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր…

Եղիշե Չարենց

10000 դրամանոց հուշադրամ, 2010

Տերյանի գերազմանը Կոմիտասի անվան պանթեոնում